
Այսօր Եղվարդ համայնքի Զովունի գյուղում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զովունեցիների հիշատակը հավերժացնող պուրակի բացման և խաչքար-հուշակոթողի օրհնման արարողությունը, որն իրականացրեց Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Ալեքսանյանը։ Հուշակոթողի տեղադրման աշխատանքներն իրականացրել է Եղվարդի համայնքապետարանը, ինչպես նաև աջակցություն են ցուցաբերել Զովունի գյուղի բարերարները:
Արարողությանը ներկա էին Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, Զովունու վարչական ղեկավար Արտաշես Ղարիբյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը, խոշորացված համայնքի վարչական ղեկավարները, ավագանու անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, պատերազմի մասնակիցներ, Արցախյան պատերազմի հերոսների հարազատները, գյուղի ողջ բնակչությունը: Ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի առջև՝ ի հիշատակ պատերազմում նահատակված հայորդիների: Իրենց ելույթներով համագյուղացի հերոսների հիշատակը հարգեցին Զովունիի մշակութային կենտրոնի սաները:
Խոնարհվում ենք մեր անմահ հերոսների և հերոսածին մայրերի առջև: